Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Կեսարիա

Կեսարիա
16.12.2014 | 11:53

Կեսարիան երբեմնի մեծ, բազմամարդ ու բարգավաճ քաղաք լինելու համբավի համար պարտական էր, թերևս, իր աշխարհագրական դիրքին և, որպես հետևանք, աշխույժ առևտրական շարժմանն ու շատ ճանապարհների խաչմերուկում կառուցված լինելու հանգամանքին, թեպետ զուրկ էր բնական հարստություններից։ Այստեղով էին անցնում Սիրիա, Միջագետք, Պարսկաստան և մինչև Կենտրոնական Ասիա գնացող քարավանները։ Կեսարիան նաև Արևելյան Անատոլիայի ու Միջերկրական ծովի միջև հաղորդակցության ուղին էր, այստեղով էր անցնում Սև ծովից Կիլիկիայի ծովեզերք հասնող ճանապարհը։

Արտահանման ապրանքներն էին` ապուխտ, բամբակե ու բրդե մանվածք, գորգ, կարպետ, կաշի ու մորթի, պղինձ և այլ մետաղներ, չորացրած պտուղներ, իսկ ծիրանի կորիզը վաճառվում էր Կ. Պոլսի քաղցրավաճառներին։
1890-ական թթ. Կեսարիայի սանջակի արտահանումը գնահատվում էր 650000 թուրքական լիրա կամ 15 մլն ոսկե ֆրանկ։
Ներմուծվում էին բամբակ, պղինձ և այլ մետաղներ, ոտնաման (չուխա), ծխախոտ, բրինձ, շաքար, սուրճ, նավթ, անգլիական, ֆրանսիական և ամերիկյան ապրանքներ, որոնք մուտք էին գործում Մերսինի նավահանգստից, մասամբ էլ` Սամսոնից։
Տարեկան միջին ներմուծումը կազմում էր մոտավորապես 400000 թուրքական լիրա կամ շուրջ 9 մլն ոսկե ֆրանկ։
Ինչպես պարզ երևում է, առևտրային հաշվեկշռում արտահանումը գերազանցում էր ներմուծմանը 250000 թուրքական լիրայով։ Եթե այս տարբերությունը կարելի է համարել կապիտալի կուտակում, ապա այդ կուտակումը առավելագույնս կատարվում էր հայերի մոտ, քանզի առևտրային շարժման գլխավոր դերակատարները գրեթե միայն հայերն էին։

Առաջին հանրածանոթ վաճառականները եղել են քաղաքի Բաշբազիրգյան, Զարդարյան, Գյումուշյան, Մանիկյան, Ֆրենկյան երևելի ընտանիքների անդամները։ Սրանց հաջորդել են Գյուլբենկյանները, Մանուկյանները, Սելյանները և այլք։

Կեսարիայի շուկայում ամեն բան այնքան կանոնավոր էր, որ համապատասխան շքեղությամբ էր ներկայանում այստեղ գործող գործունյա վաճառականին։ Շուկան ամբողջովին տանիքապատ էր` ձյունից, բքից, ցեխից, անձրևից պատսպարված բազմաթիվ սրահների բաժանված, երկրաչափական ճշգրտությամբ կառուցված։ Ամեն արհեստավոր իր հատուկ սրահն ուներ, վաճառականը` իր համար նախատեսված խանը. այդ շքեղ սրահներում շատ կանոնավոր առևտուր էր կատարվում։
Առաջին աշխարհամարտից առաջ` 1914-ին, Կեսարիա այցելած Վ. Թեքեյանը գրում էր. «Շուկան Կեսարիայի փառքն է, որից մասնաբաժին ունի յուրաքանչյուր քաղաքացի, և առավելապես հայ քաղաքացիները, որոնք իրավամբ այն իրենց սեփականությունն են համարում, այնքան տիրող է այստեղ հայերի դիրքը` թվաքանակով ու կարևորությամբ։ Գորգավաճառները նոր ու փայլուն ապրանքներ ունեն, որոնք գործվում են քաղաքում ու շրջակա գյուղերում` տների մեջ հիմնված բազմաթիվ գործասեղանների վրա` կանանց և աղջիկների ձեռքով։ Ապխտի նման գորգն էլ այժմ Կեսարիայի շահաբեր ձեռնարկներից մեկն է»։
Կեսարիան ունի նաև նշանավոր խաներ։ Սրանցից ամենագլխավորներն են Գյոն-խանը, որ 1523-ին կառուցել է Բերի-փաշան, և Վեզիր-խանը, որ 1729-ին կառուցել է Իբրահիմ փաշան։ Ըստ W.G.Blackie-ի, հայ վաճառականներն իրենց ապրանքները վաճառում են Վեզիր-խանում։ Հիշատակվում են նաև Կըլլամազ-խանը, Բամպուքը կամ Բամպուք-խանը, Գաթըրճը-խանը և Գանձանակ-խանը։
Այս վերջինը կարճ ժամանակում դարձել էր առևտրական կարևոր կենտրոնավայր։ Վ. Թեքեյանը գրում է. «Շուկայից դուրս մեծ վաճառատներ կան։ Սրանցից ամենակարևորը «Գանձանակ-խանն» է. այսպես կոչված, որովհետև հայոց «Գանձանակի ընկերության» դրամով է կառուցված և նրա հասութաբեր մեծ կալվածքն է։ Իբրև խան, Պոլսո խաների ձևը չունի, որովհետև ուրիշ բան չէ, քան լայն բակի վրա շուրջանակի կառուցված մեկ-մեկուկես հարկանի վաճառատների մի խումբ, որոնց մեջ սակայն կան բավականին ընդարձակ ու ճոխ վաճառատներ։ Այս շրջափակի մեջ է նաև հայոց «Օսմանյան դրամատան» մասնաճյուղը, որ առանձին սիրուն մի շենք է` «Գանձանակի ընկերությանը» նույնպես հարկատու։ Գանձանակ-խանը Կեսարիայի ամենապատկառելի հաստատությունն է, որի անունը հայերը հպարտությամբ են արտասանում։
Գանձանակ-խանում գործերն այլ ընթացքով, այլ կերպ են ընթանում, քան շուկայում։ Այստեղ չկա շուկայի եռուզեռը, բայց դրա փոխարեն հակերը, սնդուկներն ու պարկերը տասնյակներով ու հարյուրներով են մտնում-ելնում` ծանրահայաց տերերի հսկողության ներքո»։

1879-ին Կեսարիայում հիմնվում է «Աղքատաց հոգաբարձություն» կազմակերպությունը, որի նպատակն էր հոգալ քաղաքի աղքատների հոգսերը, վերացնել մուրացկանությունը, իսկ գործազուրկներին աշխատանք տրամադրել։ Այս մարմինը տեղացի հարուստների շնորհիվ ժողովում է բավականին խոշոր դրամագլուխ և 1885-ին Չամքերթենյաններից գնում է Կեսարիայի Կյոմրուք-խանը, որը հետո սովորության ուժով սկսում է կոչվել «Գանձանակ-խան»։
1886-ից կազմակերպությունն ստանում է «Հոգաբարձություն աղքատաց գանձանակի հայոց Կեսարիո»։ Այն բաղկացած էր 11 անդամից, և բացի ատենապետից` մյուս 10 անդամները երկու տարին մեկ փոխվում էին։ Շաբաթը մեկ անգամ հոգաբարձությունը շուկայում պտտեցնում էր գանձանակ, և ամեն մարդ իր կամավոր ներդրումն էր կատարում։ Եկեղեցիներն իրենց հասույթներից մասհանում էին գանձանակին, վճարումներ էին կատարվում նաև կալվածքների տարեկան վարձերից, ինչպես նաև նվիրատվություններ էին լինում ժողովրդի կողմից։
«Գանձանակը» Կեսարիայի տարազգի բնակչության շրջանում մարմնավորում էր գթասրտության այնպիսի գեղեցիկ դրսևորում, բարոյականության այնպիսի հմայք, որ նաև թուրքերը սիրով տրամադրում էին իրենց մշակած կաշիները, այս կերպ արտահայտելով իրենց համակրանքը դեպի կազմակերպությունը։
ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ: Կեսարացի մանուֆակտուրայի վաճառականները առաջնակարգ տեղ էին գրավում ոչ միայն սանջակում, այլև ամբողջ Թուրքիայում։ 1915թ. Կեսարիայում կար 54 խոշոր հայ վաճառական։
ՊԱՏՐԱՍՏԻ ՀԱԳՈՒՍՏԻ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ: Այս բիզնեսի սկզբնավորողը եղել է Ջեբրայիլ Իբլիքճյանը` «Իբլիքճյան վաճառատուն» ֆիրմայի հիմնադիրը։ Տարեկան մի քանի անգամ առևտրական գործերով մեկնել է Եվրոպա և ԱՄՆ։ 1910-ին տեղափոխվել է Կ. Պոլիս և դարձել առաջատար։
Ջ. Իբլիքճյանից բացի, պատրաստի հագուստի առևտրով են զբաղվել Հարություն Պյոճեքյանը և Հարություն ու Վահան Տեր-Մկրտչյան եղբայրները։
ՊԱՐԱՆ և ԱՅԼ ՄԱՆՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ (ՈՒՐՂԱՆՃԻՆԵՐ):
Այս ապրանքները լայն սպառում ունեին գավառներում, և սրանց առևտրով զբաղվում էին երեք ֆիրմաներ` «Կարապետ Բալամուտյան», «Գյուրջլյան եղբայրներ», «Օհանյան եղբայրներ»։
ՄԵՏԱՔՍԻ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ (ԳԱԶԱԶՆԵՐ): XIXդ. առաջին քառորդին այս առևտրի առաջատարը եղել է «Սարգիս Թելֆեյան» ֆիրման, որը Բրուսայի ու Կ. Պոլսի հետ լայնածավալ առևտուր էր վարում։ Գազազ Սարգսի որդիներ Կարապետը (1832, Կեսարիա-1906, Կ. Պոլիս) և Մովսեսը (1844, Կեսարիա-1900, Կ. Պոլիս) շարունակել են իրենց հոր հիմնած գործը, սակայն հետո անցել են գորգավաճառության։
1915 թ. Կեսարիայում մետաքսի առևտրով էին զբաղվում «Առաքելյան եղբայրներ», «Կարապետ Գազանճյան և որդիներ», «Թորոս Չաքմաքճյան», «Գաբրիել Քյուրքճյան և որդիներ» ֆիրմաները։
ՄԱՆՐԱՎԱՃԱՌՆԵՐ: 1915-ին այս առևտրով զբաղվում էր 10 հայկական ֆիրմա։
ԶԻՆԱՎԱՃԱՌՆԵՐ: Զանազան զենքերի վաճառականությունը թափ է ստացել հատկապես 1908 թ. Սահմանադրության ընդունումից հետո։ 1915 թ. այդ առևտրում մենատիրական դիրք ունեին 7 հայեր։
ՄԵՏԱՂՅԱ ԻՐԵՐԻ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ: Կեսարիայում հիմնականում իրացվում էին անգլիական և շվեդական մետաղյա իրեր, որոնց առևտրով 1915-ին զբաղվում էին Արամ Մոստիչյանը և «Սեֆերյան եղբայրներ» ֆիրման։
ՊՂՆՁԻ ԵՎ ՊՂՆՁԵ ԻՐԵՐԻ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ: Փոքր Ասիայի բնակչության կենցաղում հնուց ի վեր կարևոր տեղ էին գրավում պղնձե իրերը։ Հետևաբար պղինձը, որպես հումք, ինչպես նաև դրանից պատրաստված վառարանները, կաթսաները, ափսեները, փարչերը և այլ խոհանոցային պարագաներ լայն սպառում ունեին։
Կեսարիայում առևտրի այս ճյուղի հնագույն վաճառականներն էին Դանիել և Հակոբ Ճամճյան եղբայրները։ Իսկ 1915-ին նրանցից բացի աչքի էին ընկնում Կարապետ Ճամճյանը, Կարապետ Մաթոսյանը, Արթին Չալգյանը, «Ճամճյան եղբայրներ», «Մարթայան եղբայրներ» ֆիրմաները։
ՄԻՋՆՈՐԴՆԵՐ (ՔՈՄԻՍԻՈՆՋԻՆԵՐ):
Ապրանքների ներմուծման գործում կարևոր դերակատարություն են ունեցել միջնորդները կամ հանձնակատարները, որոնք, համաձայն պայմանավորվածությունների, Կ. Պոլսից Կեսարիա էին առաքում հատկապես մանուֆակտուրա։ Իսկ Կեսարիայում նման գործառույթ իրականացնում էին Հակոբ Իսպենջյանը, Կարապետ Սյուզմեյանը, Կարապետ Օհանյանը, Երվանդ Ֆրենկյանը։
ԳՐԱՎԱՃԱՌՆԵՐ: 1860-ից Կեսարիայուն սկսվեց կրթական եռանդուն շարժում, ինչը հանգեցրեց գրքի պահանջարկի։ Կ. Պոլսից ստացվում էին դասագրքեր, կրոնական գրքեր, միսիոներական էժան հրատարակություններ և հայատառ թուրքերեն վեպեր։
Գրավաճառության ռահվիրան եղել է Հարություն Նուրճյանը (1824-1892), որին հաջորդել են Հարություն Բաշբազիրգանյանը և Գալուստ Գափլանյանը։
ԱՐՏԱՀԱՆՈՂ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ: Այս ճյուղի նախաձեռնարկները եղել են Գյուլբենկյանները և Պայլոզյանները, որոնք հետագայում տեղափոխվելով Կ. Պոլիս ու Զմյուռնիա` հասել են ահռելի հաջողությունների։
1915-ին արտահանմամբ զբաղվում էին Հակոբ Ալավերդյանը, Արամ Մոստիչյանը, Կարապետ Չաղճյանը և «Գույունճյան որդիներ» ֆիրման։
ՄՈՒՇՏԱԿԱՎԱՃԱՌՆԵՐ (ՔՅՈՒՐՔՃԻՆԵՐ): Արտահանման մաս էր կազմում նաև մուշտակի ու մորթեղենի վաճառականությունը, որի հաջողակ ներկայացուցիչներն էին Հակոբ և Կարապետ Ճրճրյանները, Հակոբ Արմաղանյանը, Գևորգ Էլմայանը, Պետրոս Սարայլյանը, Պողոս Նևշեհիրլյանը։
ԴՐԱՄԱՓՈԽՆԵՐ (ՍԱՐԱՖՆԵՐ): Կեսարիայում դրամափոխության կամ լումայափոխության, այսինքն` վաշխառության կամ տոկոսով փոխատվության, հին ավանդույթներ չեն եղել։ Սակայն ժամանակի ընթացքում երևան եկավ դրամը մանրող կամ օտար դրամները տեղականով փոխանակող և դրա դիմաց վարձ ստացող լումայափոխների դաս, որն ստացավ սարաֆ ընդհանրական անվանումը։
1915-ին այս բիզնեսով զբաղվում էր 17 հոգի։
ԱՊԱՐՈՇԻ (ՅԱԶՄԱՅԻ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Կեսարիան իր արտադրած յազման արտահանում էր Կարին (Էրզրում), Սեբաստիա, Էնկյուրի, Գասթեմունի նահանգներ, Ռումելի ու Բուլղարիա։
1898-ին 35 գործարաններ` շուրջ 500 բանվորներով, աշխատում էին ամբողջ տարին անընդհատ։ Բանվորները` բոլորն էլ տղամարդ, ամսական միջին հաշվով վաստակում էին 600, իսկ տարեկան` 7200 ոսկի։
Այս արտադրությունը հայկական էր, և գրեթե բոլոր գործարանատերերը հայեր էին։ 1915-ին թե արտադրող և թե արտահանող գործարանատերերն էին Աֆշարյան եղբայրները, Հակոբ Էքմեքճյանը և նրա որդի Հովհաննեսը, Հարություն Էքմեքճյանը, Գևորգ Թաշճյանը, Սարգիս Հյուրմուզյանը, Բարսեղ Մութաֆյանը, Կարապետ Նևրուզյանը, Հակոբ Չրաքյանը, Կարապետ Պոճուքյանը, Հարություն Պոհջելյանը, Գևորգ Սիլկինյանը։ Իսկ սոսկ առևտրով զբաղվում էին Հակոբ Պոհջելյանը և Նազար Պոհջելյանը։
ԳՈՐԳԱՎԱՃԱՌՈՒԹՅՈՒՆ: Կեսարիայում գորգարտադրությունը սկսել է առաջնակարգ վաճառական Գրիգոր Գունտաքճյանը, որը 1893-1894 թթ. քաղաքի թաղամասերից մեկում դազգահի վրա փորձել է մետաքսյա գորգ գործել։ Իսկ առաջին կանոնավոր գորգարտադրողը նույն թվականներին եղել է Մկրտիչ Եսայանը։
ԱՊԽՏԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՊԽՏԱՎԱՃԱՌՈՒԹՅՈՒՆ: Թերևս, ապուխտն է եղել այն ապրանքատեսակը, որը Կեսարիային համբավ է բերել ամբողջ Օսմանյան կայսրությունում։
Ապխտի առաջին վաճառականները եղել են Հակոբ, Նազար, Գաբրիել և Վարդան Շալճյանները, Կարապետ Մայիսյանը, Գևորգ Մայիսյանը և Գևորգ Այնաճյանը։
Իսկ 1915 թ. գլխավոր վաճառականներն էին «Առաքելյան եղբայրներ» ֆիրման, Դավիթ Գալթաքճյանը, Կարապետ Գալթաքճյանը, «Սարգիս Ճրճրյան և որդի Հարություն» ֆիրման, Հակոբ Պոհջելյանը, Հովսեփ Տաղլարյանը։
Կեսարիոյ մէջ ալ 12 հոգի կախաղան հանուած են: Կախուողներէն զատ 32 հոգի ևս 10-15 տարուան թիապարտութեան դատապարտուած են, մեծ մասամբ՝ ոչկուսակցական, պարկեշտ վաճառականներ:

1921 թ. ապրիլի 1-ի դրությամբ Կեսարիայի 47500 հայ բնակչությունից մնացել էր 4000 հայ:

Կեսարացի վաճառականների մեջ խիստ հազվագյուտ էին սնանկները, որովհետև սնանկությունը նրանք համարում էին անպատվություն իրենց և իրենց սերունդների համար։ Իսկ անխուսափելի պարագաների դեպքում նախընտրում էին ոչ թե դատարան դիմել, այլ հաշտարարությամբ լուծել իրենց խնդիրը։ Կեսարացի հայ վաճառականները անողոք և չափազանց աններող էին իրենց խավի հազվագյուտ հանդիպող խարդախ սնանկների հանդեպ։
Հայ վաճառականների առևտրային վեճերը լուծում էին Նազարեթ Օդաբաշյանը և Կարապետ Մարթայանը, որոնք կատարում էին իրավարարի դեր` վեճի առարկա հարցերը քննելով և տալով իրենց վճիռը, որին առանց առարկության ենթարկվում էին երկու կողմերն էլ` որոշակի վարձատրություն հատկացնելով Գանձանակին, այսինքն` Աղքատախնամին։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3754

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ